«ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ» ՄԵՏԱՔՍՅԱ ԾՓԱՆՔԸ
ԽՍՀՄ-ը, կասկած չկա, տոտալիտար երկիր էր։ Եվ, իհարկե, այս հսկա կայսրությունը քաղաքակիրթ աշխարհից սահմանազատված էր «երկաթյա վարագույրով»։ Քաղաքակիրթ աշխարհում կերպարվեստը զարգանում էր բազում իզմերի ներքո, սկսած աբստրակցիոնիզմից և վերջացրած սյուրռեալիզմով։ ԽՍՀՄ-ում հիշյալ իզմերը գոյություն ունեին ընդհատակյա կարգավիճակում, ծանոթ էին առանձին կերպարվեստագետների, որոնք էլ մի կողմ դնելով սուցռեալիզմի ոգով նկարված ստեղծագործությունը, իրենք իրենց հոգեկան բերկրանք էին պատճառում տուրք տալով աբստրակցիոնիզմին, էքսպրեսիոնիզմին, սյուրռեալիզմին և մյուս ուղղություններին։
Քաղաքակիրթ աշխարհն անծանոթ էր սոցռեալիզմին, որը խորհրդահայ կերպարվեստում մի քանի տասնամյակ գերիշխող դիրքերում էր։ Հրաշալի, անգամ աննախադեպ մի պատմափուլ էր դա, երբ իշխանությունը գաղափարական մամլիչներով կաղապարում էր ստեղծագործական ոգու անկաշկանդ ալեկոծումները, միաժամանակ նկարչին ու քանդակագործին ապահովում էր սոցիալապես, չէր արգելում նրանց ապրել և արարել սրտի կամոք։ Տեղին է հիշել, որ սոցռեալիզմը, մասնավորապես հայ կերպարվեստում, անթիվ բարձրարժեք գործեր է երկնել։ Այսօր, ի դեպ, միջազգային առաջատար աճուրդային տներում խորհրդային սոցռեալիզմի շատ ստեղծագործություններ շատ բարձր են գնահատվում։
Այժմ եկեք մտովի հայտնվենք նախ արդյունաբերական մի ձեռնարկությունում, այնուհետև մի կոլտնտեսությունում, որոնք «երախտագիտորեն» հավերժացնում էին բոլշևիկա-կոմունիստական առաջնորդների անունն ու գործը։ Ռուսաստանի սևահողային մարզերում հանդիպել եմ ողբերգազավեշտային իրողությունների։ Տոհմաբուծական մի հսկա կայանի ճակատին փակցված էր երիտասարդ Լենինի դիմանկարը, և անվանումը` «Վլադիմիր ՈՒլյանովի անվան տոհմաբուծական կայան»։ Տիար ՈՒլյանովը երբևէ չի զբաղվել անասնապահության բոլշևիկացման հարցերով, ողբերգազավեշտն ակնհայտ էր։ Ոչ պակաս ցնցող էր, դիցուք, Չեկայի հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու անվան հավերժացումը` ծննդատան անվան մեջ։
Բայց եթե կոլտնտեսությունում, դիցուք, կոլխոզի նախագահի գրասենյակի առաջ ելուստվում էր Կառլ Մարքսի բրոնզաձույլ կիսանդրին, ապա նույն կոլտնտեսության կուլտուրայի տունը զարդանախշված էր տաղանդավոր նկարիչների ազգային թեմաներով արված որմնանկարներով կամ խճանկարներով։ Գիտաարտադրական ցանկացած ձեռնարկությունում անհամար էին գիպսե քանդակները, շարված ձեռնարկությունների արտադրամասերը միավորող ծառուղիների երկայնքով։ Դրանք այլանդակ էին, քանի որ զանգվածային արտադրության արգասիք էին և գեղագիտական ճաշակ ձևավորելու խնդիր չէին լուծում։ Սակայն ձեռնարկությունների դահլիճներն ու ճաշարանները, մարզական ակումբները և միջանցքները գեղարվեստորեն հագեցած էին որմնանկարներով, քանդակներով, կարպետներով և գոբելեններով, դեկորատիվ արվեստի նմուշներով։ Մի խոսքով, իհարկե, տոտալիտար համակարգը պարտադրում էր իր գաղափարական կաղապարները, սակայն թե՛ տիար Հայթայանի նշած «60-ականները», թե՛ նրան նախորդած խուսանավող և դիմազուրկ 40-50-ականներին, և թե՛ նրան հաջորդող 70-80-ականների ազատ շնչառության ժամանակ կերպարվեստի ասպետները, շատ կներեք, սակայն ընկեցիկ չէին։
Այսպիսով, խորհրդահայ կերպարվեստագետները և՛ ստալինյան ապազգային բռնատիրության, և՛ խրուշչովյան եգիպտացորենային բթամտության, և՛ բրեժնևյան թավշամազ բյուրոկրատիայի պայմաններում լիարժեք ստեղծագործել են, շարունակելով զինվորագրվել հայ ազգային կերպարվեստի ավանդույթներին։
Ահա թե ինչ է գրված Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակի առթիվ հրատարակված շքեղ և բովանդակալից պատկերագրքում. «Գեղարվեստա-թատերականի ոսկեդարը»։ Այսպես են որակում ինստիտուտի տարիները 70-80-ականների շրջանավարտները, որոնցից շատերն այսօր դասավանդում են սիրելի բուհում։ Այդ տարիներին ընդհանրապես հայ մշակութային կյանքը հագեցած էր բուռն ու նշանակալի իրադարձություններով»։
Այսպիսով, անգամ տոտալիտարիզմի և սոցռեալիզմի գերիշխանության օրոք հայ ազգային կերպարվեստը մի պահ վարանելով սոցռեալիզմի պարտադրած գաղափարական կաղապարներում, այնուամենայնիվ, չէր հայտնվում փակուղում, ստեղծագործում էր երկաթյա վարագույրի ճեղքերից լուսարձակվող երփնագիր լուսանցքում։
ՍՅՈՒՐՌՈՄԱՆՏԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Ցավոք, այսօր կենդանի չէ արվեստաբան, 1992-1998 թվականներին ՀՆՄ նախագահ Պողոս Հայթայանը, շատ հետաքրքիր կլիներ լսել նրա կարծիքը 2000-ականների մասին։ Բայց կարծում եմ, որ դժվար թե փորձառու գործիչը դրական արձագանքեր այն ամենին, ինչին այսօր առերեսվում են կերպարվեստի հայ վարպետները, հատկապես երիտասարդները, որոնց հայրենի իշխանությունները երեկ և այսօր անվարան դափնեպսակում են որպես անկախության սերունդ։ Տոտալիտար համակարգը վաղուց է անգո, ասպարեզում տեր ու տնօրեն է «Էլիտար հակահամակարգը»։ Միաժամանակ անհայտ բացակայող է (այն էլ շատ վաղուց) սոցռեալիզմը, որին վստահորեն փոխարինել է սյուրռոմանտիզմը։ Սա մի նոր հռչակագիր է, որն ավետում է երեկ և այսօր` եղբայր ազատ և անկախ նկարիչներ, լիարժեք օգտվեք ձեզ շնորհված բարձրագույն պարգև ազատությունից և անդամագրվելով զանազան նկարչական աղանդների` լքեք հայրենիքը։
«Անկախության սերունդ» նկարիչներն ու քանդակագործներն այժմ չունեն տանիք գլխների վերևում, նրանք զրկված են ստեղծագործական տարածքներից, նրանք կամա-ակամա հույսեր են տածում, թե մի հրաշքով արվեստանոց ձեռք կբերեն և լիարյուն կնվիրվեն իրենց գործին, կապրեն և կարարեն։ Տոտալիտար համակարգը ապահովում էր նկարչին և քանդակագործին անվճար ստեղծագործական արվեստանոցներով։ Էլիտար կախյալությունը 1991-ից ի վեր սկզբունքորեն չեղարկել է խորհրդային հակամարդկային մոտեցումը` նվիրաբերել ստեղծագործողին արվեստանոց։ Բայց չէ՞ որ 1991-ից ի վեր երկրի ողջ տնտեսական համակարգը ջրի գնով վաճառվեց իշխանական հրամկազմին և վերջինիս տարբեր տրամաչափի սինլքոր սպասավորներին։
(Հիշենք թեկուզ համամիութենական նշանակության հսկայի` «Հրազդանմաշի» նվիրաբերումը ժամանակի թիվ 1 իշխանապետի եղբորը` 1 հաստոցի գնով)։ Երկրում անթիվ ձեռնարկություններ էին տիրազրկվել և դրանցից թեկուզ մեկի (դիցուք` «Հայէլեկտրամեքենա» արտադրական միվորման) վարչական մասնաշենքերը կարող էին ի ծառայություն տրվել Հայաստանի նկարիչների միությանը։ Սակայն կարծես կամա-ակամա խորասուզվեցի ռոմանտիկ գերլավատեսության ճահճի մեջ։ Այժմ ստեղծագործելու իրենց սահմանադրական իրավունքից են զրկված նորաթուխ նկարիչներն ու քանդակագործները։ Եվ կամա-ակամա ստիպված են կոկելու արտագաղթի գավազանները։
ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀՀ ԱԺ-ԻՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Տիարք և տիկնայք, երբևէ մտորե՞լ եք, թե վարպետ, սակայն կրպակազուրկ հնակարկատը ինչպես է բավարարելու առընթեր շրջակա շենքերի բնակիչների պահանջմունքը, եթե ձեռքի տակ ունի ընդամենը մուրճ և մեխեր, բիզ և թելեր։ Նա ի զորու՞ է կոշիկ և մաշիկ նորոգելու։ Անշուշտ ոչ։ Ներկայացնում եմ ձեզ ավելի սրտամոտ մի այլ օրինակ։ Հարգարժան նախարարներ, նախարարուհիներ, վարչապետ և վարչապետանախարարական խորհրդականներ, օգնականներ և այլք, փորձեք ուղիղ մեկ ամիս լիաբուռ ծառայել հայրենիքին և ժողովրդին առանց գրասեղանների առկայության։ Ոտնիգլուխ պճնված համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների նմուշային հագուստով և ցողված գերթանկարժեք օծանելիքով` դուք փորձեք ձեր ծառայողական պարտականությունը կատարել, նստած աթոռի վրա (անշուշտ, ոտքը գցած ոտքին դիրքում) և գրկած համակարգիչը։
Տիարք և տիկնայք պատգամավորներ, դուք կարո՞ղ եք խորհրդարանում ազգափրկիչ և պետականակերտիչ օրենքներ երկնել, օրնիբուն և առանց աթոռների առկայության, այսինքն ոտնկայս։ Կասկածում եմ։ Մի խոսքով կերպարվեստի մարդկանց համար արվեստանոցը նույնքան անհրաժեշտ է, որքան ձեզ են անհրաժեշտ առանձնասենյակը, սեղանն ու աթոռը, համակարգիչն ու մյուս պերճաշուք պիտույքները։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Տիարք և տիկնայք կառավարիչներ, մի երեք օր և երեք գիշեր ծոմ պահեք, ոգեղենացեք և իսպառ հրաժարվեք պարգևավճարներից։ Խնայված պետական (այն է` ժողովրդական) գումարներով Երևանում և երկրի մյուս քաղաքներում (Գյումրիում և Վանաձորում, Գորիսում և Սիսիանում, Իջևանում և Աշտարակում) կառուցեք նկարիչների և քանդակագործների համար արվեստանոցային ավաններ, կանխեք «2000-ականների» սերնդի ակամա արտագաղթը, ներկա խառնափնթոր իրականության խորքային գնահատականը տվեք ազատ պատկերացումներով և խիզախ փնտրտուքներով։ Վերոնշյալը հնարավո՞ր է։ Միանգամայն։ Եթե միայն ծոմ պահեք և ոգեղենանաք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ